ա) Մենք չունենք վարչապետի թեկնածու: Չունենք, թե այս ողբերգական իրավիճակում չենք կարող բանակցել ու երկու խմբակցությամբ միասնական թեկնածու առաջադրել՝ նույն բանն է:
Նոնսենս է: Կեղծիք է: Անընդունելի է: Երկու ժամվա հարց է:
բ) Եթե մենք նույնիսկ միասնական թեկնածու առաջադրենք, չկա երաշխիք, որ ՔՊ խմբակցությունից նախ 2, ապա անհրաժեշտ թվով պատգամավորներ կմիանան նախաձեռնությանը քվեարկության ժամանակ:
Իսկ ո՞վ ասաց, ո՞վ է վստահեցրել, որ միասնական թեկնածուի առաջադրման պարագայում, եթե ընդդիմությունը կոչ է անում ժողովրդին դուրս գալ փողոց կոնկրետ օրակարգով՝ 4-5 օրում հանրային ճնշմամբ հասնել նախ ՔՊ խմբակցության այդ 2, ապա անհրաժեշտ ձայների ապահովմանը, չի ստացվի: Ո՞նց: Դուք չե՞ք շփվում ժողովրդի հետ: Զզված են՝ էլ տեղ չկա:
Կամ անգամ, եթե Աստված չտա, չի ստացվում, ինչո՞վ է դա խանգարում ընդդիմությանը հաղթել 2026 թ. ընտրություններում: Ինչո՞վ: Այսինքն, ձեր տրամաբանությունն այն է, որ ժողովրդի ընդդիմադիր հատվածը մոռացել է, որ այս ընթացքում մի քանի շրջան դուրս է եկել փողոց ու հիասթափված տուն գնացել:
ՈՒ այ հիմա, եթե մեր կոչով կրկին դուրս գա փողոց, արդեն կոկրետ օրակարգով ու գործողությունների կոնկրետ ժամանակացույցով, ու էլի չստացվի, արդեն չի մոռանա ու 2026-ին կգնա ընտրատեղամաս ու կասի՝ քանի որ ընդդիմությունից հիասթափված եմ, դե ուրեմն կընտրեմ Նիկոլի՞ն:
Դուք լուրջ այդպե՞ս եք ճանաչում, գնահատում ու վերաբերվում ձեր էլեկտորատին:
Չգիտեմ ձեզնից ում մտքում ինչ հաշվարկ ու ինչ նպատակ կա:
Անկեղծորեն՝ չգիտեմ: Եթե կա, հաստատ ազնիվ նպատակ չի: Պետական շահի հետ չհատվող նպատակ է: Համոզիչ չի:
Իրավիճակին համարժեք չի:
Դուք հարյուր հազարավոր մարդկանց 2021-ին խոստացել ու համոզել եք, որ մեկ նպատակ ունեք՝ հեռացնել Նիկոլին:
Ձախողել եք 4 տարի:
Տոտալ ձախողել եք՝ չնայած Նիկոլի բերած նոր աղետներին ու պետության սողացող կազմաքանդմանը:
Իրար եկեք՝ կոնկրետ քայլ արեք:
Եղբայրաբար՝ ժողովրդի ընդդիմադիր հատվածը ձեր ձեռքը կրակը չի ընկել:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ